Կայենը սպանեց Աբելի՞ն, թե՞ ինքն իրեն
21.01.2020 | 00:16
Որ մարդիկ մեռնում են, սպանվում են, կամ ինքնասպանվում՝ մարդկության պատմության սկզբից էր հայտնի: Գուցե իրական պատմությունը, չհաշված արգելված պտուղը, սպանությունից է սկսվել՝ Կայենը սպանեց Աբելին: Ես չգիտեմ՝ պատմությունը, որ պահել է առաջին մարդասպանի անունը, պահե՞լ է առաջին ինքնասպանի անունը: Եթե այո՝ ո՞վ էր: Ինչու՞ էր ձեռք բարձրացնում Աստծո տված կյանքի վրա: Աստծո՞, թե՞ իր կամքով: Ի վերջո՝ քաղաքակրթության պատմությունը պտտվում է ծննդյան ու մահվան շուրջ, որի միջակայքում մարդիկ ապրում են: Մահը նույնպիսի անխուսափելիություն է, որքան ծնունդը, երբ հանդիպում են երկուսը:
…Երևանում իր տանը մեռած հայտնաբերվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը: Անցած շաբաթ բազում վարկածներ ու տեսակետներ են շրջանառվել, անիմաստ է վերաշարադրել: Առեղծվածային մահվան մեջ վերջին խոսքը պիտի ասեն իրավապահները: Դառնանք մեզ: Մեր ընկալումներին: Համարժե՞ք էին իրականությանը: Իցիվ թե: Մահացել էր երիտասարդ մարդ, որբ թողնելով միակ որդուն: Ոչ ոք նրա մահը չէր արձանագրի, եթե ԱԱԾ տնօրեն եղած չլիներ: Եթե մահվանը քաղաքական ենթատեքստ չվերագրվեր: ՈՒ այս կետում ստիպված ենք ընդունել, որ եղել ու մնում ենք …անմարդկային՝ հանգուցյալների ու ողջերի նկատմամբ: Բոլորս բևեռացված ենք, փոխվել կամ անհետացել են պատշաճության ու օրինավորության պատկերացումները, վերացել են ինքնակարգավորիչ տաբուները ու ինչ երեկ մեզ թույլ չէինք տա, այսօր ինքնադրսևորվում ենք սրտներս ուզածի չափ, ու՝ ավելի: Գեորգի Կուտոյանի մահը առիթ էր, որ պոռթկար հասարակության մեջ կուտակված չարությունը, եթե լրատվամիջոցները իրենց որոշակի պատշաճության սահմաններում էին պահում՝ մի քանի բացառություններով, սոցիալական ցանցերում «խրախճանք էր ժանտախտի ժամին»: Մարդիկ, որ ինքնարտահայտման այլ տարբերակներ չեն գտնում, տզրուկի պես կառչում են սկանդալներին ու տարբեր իրադարձությունների, որ հայտնի դառնան: Խոսքը ֆեյքերի մասին չէ: Կուտոյանի տան առաջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի արցունքները բնական ու մարդկային արձագանք էին: Անբնականն ու անմարդկայինը նրա վշտի արձագանքներն էին՝ ո՞վ է լինելու հաջորդ զոհը մոտիվներով: ՈՒ այդ ստատուսի հեղինակը ոստիկան է: Այսինքն՝ մարդ, որ պիտի մարդկանց պաշտպանի: Իսկապես հեռու չենք կանիբալիզմից, երբ առանց պատճառի ու իմաստի վենդետան բնակալել է ոմանց ուղեղում ու գործողության առանցք է դառնում:
Հասարակությանը չես զարմացնի սպանություններով ու ինքնասպանություններով. օրվա լրահոսում անպայման գտնվում է մեկը, որ ցած է նետվում կամրջից կամ խեղդում է իր երեխային, դանակահարում հորը, մորը, կնոջը, եղբորը, քրոջը… Ավտովթարի զոհ դառնում: Սա սարսափելի վիճակագրություն է, որ ընկալում ենք իբրև լրահոս ու անցնում մեր գործերին: Միայն քաղաքական շրջանակներում մահերն են դառնում հասարակության հետաքրքրության թեմա՝ սա դեգրադացիայի ախտանիշ է: Մարդը չի արժևորվում իր պաշտոնով, մարդը ինքնությամբ է արժևորվում, բայց դա հասկանալու համար ինքնություն ունենալ է պետք: Մենք կորցրել ենք մեր նույնականացման չափանիշները: Իսկ ունեցե՞լ ենք:
Այս օրերին հիշեցին վերջին տասնամյակներում բոլոր սպանվածներին ու ինքնասպաններին՝ դարձյալ շաղկապելով քաղաքականությանը: Խորխոռունուց՝ Հայկ Հարությունյան: Բայց՝ եզրակացնելու համար, որ բոլոր սպանություններն էլ չեն բացահայտվում, առավել ևս՝ ինքնասպանությունները: Հանգստություն բոլորի հոգիներին: Ոչ ոք չի ուզում պատճառները պարզել: Իսկապես՝ ինչու՞ Կայենը սպանեց Աբելին: Միայն նախանձի՞ց: ՈՒ սպանելով Աբելին, Կայենը ինքն իրեն չսպանե՞ց: Իր անմահ հոգին ու մարդուն իր մեջ: Իրավապահները փորձաքննություններից հետո կպարզեն Գեորգի Կուտոյանի մահվան պատճառը, բայց մեր մեջ մարդուն սպանելու մեր հակումը կմնա չախտորոշված ու չսպանված:
Իսկ ընդհանրապես արժի մտածել նախկին պաշտոնյաների պահպանության մասին, ոչ միայն նախագահի մակարդակով: Ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգը այսօր, ինչպես միշտ, պատրաստ չէ քաղաքական սպանությունների ու ինքնասպանությունների մարտահրավերին։
Հենց այդ անպատրաստությունն էլ դատարկ տարածք է բացում պոռոտախոսների ու զազրամիտների համար, որ այլանդակությունը դարձնում են կենցաղ: Պրիմիտիվիզմը դառնում է գերիշխող ու նույնիսկ իշխող: Գեորգի Կուտոյանի մահվանը պաշտոնյաների առաջին արձագանքները ապացույց են ասվածին: Օրինաչափություն է դառնում, որ վարչապետը հարկ չի համարում արձագանքել ոչ միայն ծննդյան օրերին, այլև՝ մահը ցավակցել, եթե խոսքը նախկին պաշտոնյաներին է վերաբերում: ՈՒ դա սխալ օրինաչափություն է: Սխալ ու չարդարացված:
Ինչպես սխալ օրինաչափություն է, որ բոլոր «նախկինները» պոտենցիալ հանցագործներ են՝ բացահայտված ու չբացահայտված: Մարդիկ մեղավոր չեն, որ ծնվել են, ապրել ու աշխատել այս կամ այն իշխանության օրոք: Անմեղության կանխավարկածը վերածվել է մեղավորության կանխավարկածի: Այո, ոմանք կոտրվել են, ոմանք՝ դիմադրել, ոմանք՝ դիմացել: Կյանք է, ո՞վ է դրախտ խոստացել:
Սխալ օրինաչափություն է, որ չարությունը ծավալվում ու ոտատակ է տալիս մարդկային արժեքները: Որ Կայենը շարունակում է սպանել Աբելին:
Իսկ ընդհանրապես՝ Գեորգի Կուտոյանի մահը՝ սպանություն, թե ինքնասպանություն, բազում բաց հարցեր է թողնում, որ նրա մահվան պատճառը կամ մահվան հանգամանքները պարզելով, չեն պատասխանվելու: Նա, այնուամենայնիվ, ԱԱԾ տնօրեն է եղել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, ու փաստորեն չի կարողացել կանխել այդ ոճիրը: 2011-2014-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: Այսինքն ինչ-ինչ, իր կարճ կյանքում մեծ գաղտնիքների տեղյակ եղել է ի պաշտոնե, որ ի վերջո ավարտվեցին կրակոցով:
Իսկ այս ընթացքում Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ ՍԴ փոխնախագահ ընտրվեց Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորի քվեները: ՈՒ դա պաշտպանական քայլ է: ՍԴ փոխնախագահի կարգավիճակը սահմանված է 2015-ին ընդունված Սահմանադրությամբ: Բայց՝ մինչև հիմա ՍԴ-ն չէր կատարում Սահմանադրության պահանջը, կատարեց հունվարի 17-ին, երբ հայտնի է ՍԴ նախագահի դեմ հարուցված քրգործի մասին, ու չի բացառվում, որ Հրայր Թովմասյանը ստիպված կլինի դադարեցնել պաշտոնավարումը: Նաև՝ գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող հանգամանքները: Օրինակ՝ չկա՞ հանցագործություն: Կամ՝ փաստաթուղթն անօրինական չէ՞, խախտված չե՞ն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգերը: Քվեարկության կարգը: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ՍԴ-ի շուրջ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարեց սահմանադրական փոփոխությունները: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ այս փուլում Սահմանադրության մեջ կտրուկ փոփոխությունների մասին խոսք չկա: ՀԱԿ-ը համոզված է, որ պետք է վերականգնել կիսանախագահական մոդելը։ Պատրա՞ստ է իշխանությունը կառավարման ձևի փոփոխության: Տրամաբանորեն՝ սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ պետք է դիտարկվի կառավարման մոդելի փոփոխության հարցը։ Խորհրդարանական կառավարման Հայաստանը պատրաստ չէր՝ դա վկայեցին թե 2017-ի, թե 2018-ի հերթական ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Երկու դեպքում էլ ստեղծվեց միակուսակցական կառավարում: Հետևանքները հայտնի են: ՔՊ-ին բնավ պետք չէ իր գերլեգիտիմությունը, կառավարման շատ ավելի արդյունավետ տարբերակ կլիներ, թե ՔՊ-ն ստանար 30-35 տոկոս ու կոալիցիա կազմեր: Կիսանախագահական կամ ուժեղ նախագահական մոդելին վերադառնալը Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ապահովվեն ազատ, արդար ընտրություններ: Նախկին Սահմանադրությունները ամենածանր վիճակներում ապահովել են երկրի կառավարելիությունը, այս Սահմանադրությունը արգելակում է զարգացումը: Առավել ևս, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեն խիստ չափազանցված է օրինական համարելը:
Չեն կարող սահմանադրական փոփոխությունները լինել հատվածական, ասենք, սուպերվարչապետությունը վերացնելու ու վարչապետի իրավասությունները նախագահի ու խորհրդարանի միջև բաշխելու տարբերակով: Որևէ դեպքում Սահմանադրություն փոխելը երկրի կյանքում շոկ է, որին հետևում են մյուս օրենքների համապատասխանեցման տարիներ, այսինքն՝ ստեղծվում է կիսակառավարելիության վիճակ, երբ օրենքներ չկան կամ փոփոխության մեջ են: Մենք առանց այդ էլ 10 տարին մեկ Սահմանադրություն ենք փոխել: Փոխելիս՝ կես քայլերի փոխարեն անհրաժեշտ են իմաստավորված ու նպատակային քայլեր՝ արդյունքների նախապես հստակ ընկալումով: 21-րդ դարի երրորդ տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա գլոբալացված աշխարհի հետ համահունչ զարգացում ապահովող կառավարման մոդել, որտեղ պաշտոնյաների փոփոխությունը չի կարողանա խանգարել պետությանը: Համենայն դեպս, վարչապետի որոշմամբ սկսվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Հանձնաժողովը կազմված կլինի 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկվել են արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ ԱԺ խմբակցություններից: Հանձնաժողովի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, արդարադատության նախարարի ներկայացմամբ կարող են աշխատել միջազգային 2 փորձագետ: Միանշանակ է, որ քննարկման առանցքը լինելու է նախագահական, խորհրդարանական, կիսանախագահական կառավարման 3 մոդելներից մեկի ընտրությունը: Բայց միանշանակ չէ, որ մենք արդեն անկախության բավարար փորձ ունենք, որ կարողանանք ընտրություն կատարել հանուն պետության ու պետականության՝ հերթական սահմանադրական փոփոխությունը չհարմարեցնելով հերթական իշխանության վերարտադրությանը: ՈՒ սա արդեն բոլոր կուսակցությունների ու ամբողջ հասարակության գործն է՝ գիտակից ընտրության ու ապագայի զարգացումների ճիշտ ընթացքի համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Շաբաթվա գլխավոր տնտեսական գրգռիչը տեղեկությունն էր գազի թանկացման մասին: Կառավարությունը բանակցում է գազի գնագոյացման 10-ամյա կանխատեսելի մեխանիզմի համար, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա ճշտել է, որ մինչև ապրիլի 1-ը հայտ չի ներկայացվի՝ «Գազպրոմ Արմենիան» կսպասի բանակցության ավարտին: «Գազպրոմ Արմենիան» 2018-ին հայտարարել էր, որ չի կարող երկար փոխհատուցել 1 տարի առաջ սահմանին գնի 15 դոլար բարձրացումը: Գազի գինը հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչն է: Մտրակի ու քաղցրաբլիթի իրական գինը, որով Մոսկվան արտահայտում է բուն վերաբերմունքը իշխանությանը, բայց վճարում է ժողովուրդը: Որովհետև իշխանությունը պատրաստ չէ տնտեսական ինքնիշխանության համար քաղաքական որոշումների: Արտաքին քաղաքական, որ կդիվերսիֆիկացնեն տնտեսությունը: Դա գազի գնի բարձրացման ոչ թե հետևանքը, այլ պատճառն է: Կամ՝ հավատարմություն օտարի շահին:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ